Ջեյ Դի Վենս. Մեր բոլոր ջանքերին չնայած՝ Ռուսաստանը և Ուկրաինան պատրաստ չեն խաղաղության համաձայնագրի
Ջեյ Դի Վենս. Մեր բոլոր ջանքերին չնայած՝ Ռուսաստանը և Ուկրաինան պատրաստ չեն խաղաղության համաձայնագրի

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պատրաստ չեն խաղաղության համաձայնագրի։

Այս մասին Վենսը նշել է «Newsmax»-ին տված հարցազրույցում։

Վենսի խոսքով՝ թեև ամիսներ շարունակ ընթանում են բանակցություններ, կողմերից ոչ մեկը ցանկություն չունի հասնելու խաղաղ պայմանավորվածության։

«Քանի որ ԱՄՆ նախագահի գործուն դիվանագիտությունը կարող է մարդկանց որոշ կետում համախմբել, վերջնական համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է երկու կողմ։ Մեր կողմից բոլոր ջանքերի ներդրման դեպքում անգամ – և մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ – ռուսներն ու ուկրաինացիները դեռ այն փուլում չեն, որ համաձայնության գան», – հայտարարել է Վենսը։

Նրա խոսքով՝ հնարավոր է համաձայնության հասնել, սակայն դրա համար շատ ավելի մեծ ջանքեր են անհրաժեշտ։

«Կարծում եմ, ակնկալիքների հիմնարար անհամապատասխանություն կա, քանի որ ռուսներն իրենց ավելի լավ են համարում մարտի դաշտում, քան իրականում են», – նշել է ԱՄՆ փոխնախագահը։

Ջեյ Դի Վենսի խոսքով՝ սա էլ է դժվարացնում բանակցային գործընթացը, չնայած որոշակի առաջընթաց գրանցվել է։ Նրա համոզմամբ՝ այդ առաջընթացը Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության արդյունքն է, որը տարբերվում է նախորդ վարչակազմի քաղաքականությունից։