«Javelin»-ը ազդանշան է, որ Ռուսաստանի վրա թանկ կնստի Վրաստան ներխուժումը. Էվելին Ֆարկաս
Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղարի նախկին օգնական Էվելին Ֆարկասը համարում է, որ Վրաստանի համար հակատանկային հրթիռային «Javelin» համակարգը վաճառելու որոշումը ոչ միայն ժամանակին էր, այլև ուշացած:
«Կարծում եմ ոչ միայն ժամանակին, այլև մի քիչ ուշացած որոշում է: 2012 թվականից մինչև 2015 թվական, պաշտպանության երեք տարբեր քարտուղարներին անձամբ ես էի խորհուրդ տալիս կայացնել «Javelin»-ը Վրաստանին վաճառելու որոշում»,- հայտարարել է Էվելին Ֆարկասը:
Ինչպես հայտարարել է «Ամերիկայի ձայնի» վրացական խմբագրությանը տված հարցազրույցում Էվելին Ֆարկասը, «Javelin»-ը ազդանշան է, որ Ռուսաստանի վրա թանկ կնստի Վրաստան ներխուժումը:
«Սա պաշտպանողական զենք է, որը Ռուսաստանին ուղարկում է ազդանշան, որ ցանկացած նոր հարձակում Վրաստանի վրա, Մոսկվայի վրա թանկ կնստի – կզոհվեն ռուս զինվորները և կոչնչացվեն ռուսական տանկերը»,- հայտարարել է Էվելին Ֆարկասը:
Վրաստանը ԱՄՆ-ից կգնի աշխարհում հայտնի և ամենաարդյունավետ հակատանկային համակարգեր: Javelin-ի գնման հետ կապված բանակցությունները վերջին փուլում են: