Ջամալ Խաշոգի մահը հաստատվելուց հետո Սաուդյան Արաբիայում ձերբակալել են 18 հոգու

Ջամալ Խաշոգի մահը հաստատվելուց հետո Սաուդյան Արաբիայում ձերբակալել են 18 հոգու: Այս մասին տեղեկությունը տեղի մամուլը տարածում է երկրի գլխավոր դատախազ Սաուդ ալ-Մուաջիբիի հայտարարության վրա հենվելով:

Ինչպես հայտնի է, բոլոր ձերբակալվածները Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են: Այժմ ընթանում է նրանց հարցաքննությունը:

Դրա հետ մեկտեղ, Ջամալ Խաշոգի մահվան հետ կապված Սաուդյան Արաբիայի թագավորը աշխատանքից ազատել է մի քանի բարձրպաշտոնյայի:

Մի քանի ժամ առաջ, Սաուդյան Արաբիայի պետական հեռուստատեսությունը հաստատել է լրագրող Ջամալ Խաշոգի մահվան փաստը: Նա մահացել է Ստամբուլում, հյուպատոսության տարածքում վիճաբանությունից հետո:

Ջամալ Խաշոգն անհետացել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում, Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մտնելուց հետո:

Թուրքիայի իշխանությունը պատասխանատու է համարում Սաուդյան Արաբիային և պնդում, որ Խաշոգի մարմինը մասնատել են սպանությունից հետո:

Պաշտոնական Անկարայի տեղեկությամբ, գոյություն ունի այդ փաստը հաստատող ձայնագրություն: