Ջակարտայում բողոքի ցույցեր են ընթանում Երուսաղեմի շուրջ ԱՄՆ որոշման պատճառով
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի կենտրոնում դեկտեմբերի 17-ին առնվազն 40 հազար մարդ բողոքի ցույցի է դուրս եկել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ: Այս մասին հաղորդում է The Straits Times-ը՝ վկայակոչելով Ջակարտայի ոստիկանության ներկայացուցիչ Արգո Յուվանոյին։
Նրա խոսքով՝ «իրավիճակը հանգիստ է և կայուն»: Միևնույն ժամանակ, Յուվանոն նշել է, որ ցույցի մասնակիցները շարունակում են մնալ «Մոնաս» անկախության հուշարձանի մոտ, որի մոտակայքում է գտնվում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը:
Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և Թել-Ավիվից ԱՄՆ դեսպանատունը այնտեղ տեղափոխելու նախապատրաստման մասին որոշումից հետո Ինդոնեզիայի քաղաքներում հակաամերիկյան ցույցերի ալիքներ են բռնկվել։
Այսպես, դեկտեմբերի 15-ին Ջակարտայում հավաքվել էր մի քանի հազար մարդ, որոնք վառել են ԱՄՆ դրոշը և պահանջել երկրի նախագահ Ջոկո Վիդոդոյից երկրից վտարել Ամերիկայի դեսպանին։
Երուսաղեմի կարգավիճակի հարցը պաղեստինա-իսրայելական հակամարտության հիմնական խնդիրներից է: 1967 թ. պատերազմի ժամանակ իսրայելցիները գրավել են քաղաքի արևելյան մասը: Նրանք պնդում են, որ Երուսաղեմն Իսրայելի «միակ և անբաժանելի» մայրաքաղաքն է: Պաղեստինցիները ցանկանում են քաղաքի արևելյան հատվածն իրենց պետության մայրաքաղաք դարձնել:
Հեղինակ -
Edgar Barsegyan