Իտալիայի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն՝ Իտալիայի փոխվարչապետի կողմից Էմանուել Մակրոնի վերաբերյալ արված հայտարարության պատճառով
Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինիի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին արված հայտարարությունների պատճառով Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Իտալիայի դեսպան Էմանուելա Դ’Ալեսանդրոն։
Այս մասին հաղորդում է ֆրանսիական մեդիան։
Ինչպես գրում է TF1 Info-ն, նախարարությունում դեսպանին հայտնել են, որ այդ հայտարարությունները հակասում են երկու երկրների միջև վստահության մթնոլորտին և պատմական հարաբերություններին, ինչպես նաև վերջին իրադարձություններին, որոնց շնորհիվ երկկողմ դիրքորոշումները ավելի մոտեցան՝ հատկապես Ուկրաինայի նկատմամբ անշեղ աջակցության համատեքստում։
Իտալիայի աջակողմյան փոխվարչապետը՝ «Հյուսիսի լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին, կոշտ քննադատության է ենթարկել Էմանուել Մակրոնին Ուկրաինա զորքեր ուղարկելու գաղափարը պաշտպանելու համար։ Ինչպես հայտնում է ֆրանսիական մամուլը, Միլան կատարած այցի ժամանակ Սալվինիին հարցրել են՝ հնարավո՞ր է արդյոք Ուկրաինա իտալական զինվորներ ուղարկվեն։ Այս հարցին ի պատասխան՝ Մատեո Սալվինին Էմանուել Մակրոնին անձամբ է առաջարկել մեկնել Ուկրաինա։
«Իտալացի զինվորներ Ուկրաինա՞։ Ոչ մի դեպքում։ Եթե Էմանուել Մակրոնն ուզում է՝ թող ինքը գնա։ Դնի սաղավարտը, վերցնի հրացանը և անձամբ մեկնրի Ուկրաինա», – հայտարարել է Իտալիայի փոխվարչապետը։
Ֆրանսիական մամուլի փոխանցմամբ՝ Մատեո Սալվինին մարտին Ֆրանսիայի առաջնորդին նաև մեղադրել է Եվրոպան Ռուսաստանի հետ պատերազմի մղելու մեջ և նրան անվանել է «խելագար»։