Իսրայելի պաշտպանության ուժերը ավիահարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, հաղորդում են լրատվամիջոցները
Այն բանից հետո, երբ Իսրայելը Լիբանանի բնակչությանը զգուշացրեց «Հեզբոլլահ»-ի հետ կապված մասնաճյուղերի վրա հնարավոր հարձակումների մասին, երկրի Պաշտպանության ուժերը (IDF) ավիահարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, հաղորդում է Times of Israel-ը՝ հղում անելով Լիբանանի պետական լրատվամիջոցներին։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, ուղիղ եթերում երևում էր, որ տարածքից, որը Իրանի կողմից աջակցվող ահաբեկչական խմբավորման հենակետն է, ծխի մեծ ամպեր են բարձրանում։
Իսրայելի Պաշտպանության ուժերը նախկինում Լիբանանի բնակչությանը, այդ թվում՝ Բեյրութի հարավային արվարձանների բնակիչներին, զգուշացրել էին հարձակումների մասին։
IDF-ի խոսնակ Ավիչայ Ադրայը հայտարարել է, որ Պաշտպանության ուժերը առաջիկա ժամերին գործողություններ կսկսեն «Ալ-Քարդ Ալ-Հասան» ասոցիացիայի (AQAH) ահաբեկչական ենթակառուցվածքների դեմ։
Տեղեկության համար, Իսրայելը պնդում է, որ AQAH-ը ֆինանսավորում է «Հեզբոլլահ» խմբավորման ռազմական գործունեությունը, ինչը նրանք հերքում են։ AQAH-ը պնդում է, որ իրենք միայն փոքր, անտոկոս վարկեր են տրամադրում սովորական լիբանանցիներին։