Իսրայելը ոչնչացրել է Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահ»-ի թունելային ցանցը՝ տարածքում առաջացնելով 4,1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ

14:22, 11.09.2026

Իսրայելը ոչնչացրել է Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահ»-ի թունելային ցանցը՝ տարածքում առաջացնելով 4,1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ։ Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ ցնցումները գրանցվել են ԱՄՆ Երկրաբանական ծառայության կողմից։

Բացի այդ, Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA) հաստատել է, որ իսրայելական զինված ուժերը հզոր պայթյուն են իրականացրել Ալի ալ-Թահեր լեռնաշղթայի հատվածում. դրա հետևանքով առաջացած ցնցումները զգացվել են Նաբաթիե քաղաքում և հարակից շրջաններում։

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի (IDF)՝ թունելային ցանցը ձգվում էր ավելի քան երկու կիլոմետր և պարունակում էր տասնյակ հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև հակատանկային հրթիռներ, ականներ և պայթուցիկ սարքեր։ Համալիրը ներառում էր նաև հրամանատարական կետեր, զենքի պահեստներ և կացարաններ, ինչը թույլ էր տալիս զինյալներին երկար ժամանակ մնալ ստորգետնյա պայմաններում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել են հարձակումը և հայտարարել, որ այս գործողությամբ ավարտվել է տարածքում անվտանգության գոտու ստեղծումը։

«Սա ահաբեկչական ենթակառուցվածք էր, որը կառուցվել էր երկու տասնամյակի ընթացքում՝ իրանական ֆինանսավորմամբ և ծրագրմամբ։ Նախքան ենթակառուցվածքի ապամոնտաժումը՝ ուժերը հաստատել էին օպերատիվ վերահսկողություն լեռնաշղթայի նկատմամբ՝ թե՛ վերգետնյա, թե՛ ստորգետնյա հատվածներում։ Իսրայելի պաշտպանության բանակը կմնա անվտանգության գոտում և կշարունակի ոչնչացնել ահաբեկչական ենթակառուցվածքները, ինչպես նաև կկանխի «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության կողմից իր դիրքերն ու կարողությունները վերականգնելու ցանկացած փորձ», – ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ։

Նմանատիպ