Իսրայելի զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել Գազայի քաղաքին և Խան Յունիսին։
«Al Jazeera»-ի հաղորդմամբ՝ չնայած կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնության ձեռքբերմանը, Իսրայելը չի դադարեցնում ռազմական ակտիվությունը Գազայի հատվածում։
Հրապարակման համաձայն՝ զոհերի մասին տեղեկություններ այս պահին չեն հաղորդվում։
Միևնույն ժամանակ, «Համաս»-ը կոչ է արել Գազայի հատվածի բնակչությանը չմոտենալ Իսրայելի պաշտպանության ուժերին։ Նրանց հայտարարության մեջ նշվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ քաղաքացիները չպետք է մոտենան անկլավի սահմաններին, քանի դեռ Իսրայելի պաշտպանության ուժերի դուրսբերման մասին պաշտոնական հայտարարություն չի արվել։
«Այս նախազգուշացման անտեսումը վտանգում է ձեր կյանքը», – ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարությունը հաստատել է կրակի դադարեցման և պատանդների ազատման ծրագիրը, որը ուժի մեջ կմտնի 24 ժամվա ընթացքում։
Ծրագրի համաձայն՝ առաջիկա 72 ժամում «Համաս»-ը պետք է ազատ արձակի մնացած իսրայելցի պատանդներին և հանձնի զոհվածների մարմինները։ Իսրայելի կողմը հայտնում է, որ գործընթացը կկայանա հոկտեմբերի 12-13-ին։
Ծրագրի առաջին փուլով, երբ բոլոր պատանդները ազատ կարձակվեն, Իսրայելը կազատի 250 պաղեստինցի կալանավորի, ինչպես նաև Գազայի հատվածի 1700 քաղաքացու, որոնք կալանավորվել են հոկտեմբերի 7-ից հետո։