Իսրայելը դարձավ առաջին երկիրը, որը ճանաչեց Սոմալիլենդը որպես անկախ պետություն
Իսրայելն առաջին երկիրն է, որը ճանաչել է Սոմալիլենդի Հանրապետությունը որպես անկախ պետություն։
Իսրայելի անունից հռչակագիրը ստորագրել են վարչապետ Բենիամին Նեթանյահուն և արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, իսկ Սոմալիլենդի կողմից՝ նախագահ Աբդիրահման Մոհամեդ Աբդուլլին։
Աբդուլլիի հետ հեռախոսազրույցում Նեթանյահուն նշել է, որ երկու երկրների միջև բարեկամությունը պատմական հիմքեր ունի։
«Մենք պատրաստվում ենք համագործակցել ձեզ հետ տնտեսության, գյուղատնտեսության և սոցիալական զարգացման ոլորտներում», — ասել է Նեթանյահուն։
Նա Աբդուլլիին հրավիրել է պաշտոնական այցով Իսրայել և հայտնել, որ իրազեկելու է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Սոմալիլենդի՝ Աբրահամյան համաձայնագրերին միանալու ցանկության մասին։
Աբդուլլին հայտնել է, որ «հնարավորինս շուտ» կայցելի Իսրայել։
«Իսրայելի վարչապետը շնորհակալություն է հայտնում արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարին, «Մոսադ»-ի տնօրեն Դավիդ Բառնեային և «Մոսադ»-ին՝ երկու երկրների ճանաչման գործընթացին նպաստելու համար, և հաջողություն, բարեկեցություն ու ազատություն է մաղթում Սոմալիլենդի ժողովրդին», — նշված է Նեթանյահուի վարչակազմի հայտարարության մեջ։
Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկու երկրներում կբացվեն դեսպանատներ և կնշանակվեն դեսպաններ։ Իսրայելական մամուլի տվյալներով՝ այս քայլն իրականացվել է այն բանից հետո, երբ օգոստոսին հաղորդվել էր, որ Սոմալիլենդը այն մի քանի երկրների շարքում էր, որոնք Իսրայելի հետ բանակցում էին Գազայի գոտուց պաղեստինցիների հնարավոր վերաբնակեցման հարցի շուրջ։
Իսրայելի լրատվամիջոցների համաձայն՝ սուննի մուսուլմաններով բնակեցված Սոմալիլենդը 1960 թվականին ունեցել է հնգօրյա անկախություն, որի ընթացքում Իսրայելը և ևս 34 երկիր ճանաչել են այն, մինչև Սոմալիի հետ միավորվելը։ Սոմալիլենդը պաշտոնապես առանձնացել է Սոմալիից 1991 թվականին, և չնայած ոչ մի երկիր այն չի ճանաչել, մի քանի ազդեցիկ պետություններ՝ Մեծ Բրիտանիան, Եթովպիան, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Դանիան, Քենիան և Թայվանը, պահպանում են համագործակցության գրասենյակներ։