Իսրայելական լրատվամիջոցներ. Աբաս Արաղչին Սթիվ Ուիտկոֆի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին աջակցել է Վաշինգտոնի հետ բանակցություններին
Իսրայելական լրատվամիջոցներ. Աբաս Արաղչին Սթիվ Ուիտկոֆի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին աջակցել է Վաշինգտոնի հետ բանակցություններին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին աջակցել է Վաշինգտոնի հետ բանակցություններին։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։

Ynet-ի տեղեկություններով՝ Ուիտկոֆի և Արաղչիի զրույցը տեղի է ունեցել մարտի 19-ին։

Միևնույն ժամանակ, Իսրայելը տեղեկացված չի եղել Վաշինգտոնի և Թեհրանի միջև ուղիղ շփումների մասին։

Հրատարակության աղբյուրի փոխանցմամբ՝ Արաղչիի համար կարևոր էր ԱՄՆ-ին ցույց տալ, թե ինչպես է կառուցված իշխանությունն Իրանում, և որպեսզի ամերիկացիներն իմանան, որ Արաղչին ինքը գործող իշխանության ներկայացուցիչն է։

Զրույցի ընթացքում Արաղչին հայտարարել է, որ Խամենեին պատրաստ է հնարավորինս արագ ավարտել պատերազմը, սակայն միայն Թեհրանի պայմանների կատարման դեպքում։

Ynet-ը նշում է, որ խոսքը մոտավորապես այնպիսի պայմանների մասին է, որոնք քննարկվել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև Ժնևում՝ նախքան պատերազմը տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։

Մասնավորապես, Իրանը պատրաստ է քննարկել հարստացված ուրանը Ռուսաստան տեղափոխելու հարցը, սակայն պատրաստ չէ լիովին հրաժարվել միջուկային ծրագրից և բալիստիկ հրթիռներից։

Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների մասին մարտի 23-ին խոսել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա բանակցություններն անվանել է «շատ լավ և արդյունավետ»։ Այս համատեքստում ԱՄՆ նախագահը Պենտագոնին հանձնարարել է հինգ օրով հետաձգել հարվածները Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ։

Իրանը հերքում է, որ ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն է վարել։

Axios պարբերականը, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում միջնորդների դեր են կատարել Թուրքիան, Եգիպտոսը և Պակիստանը։ Երկու օրվա ընթացքում երեք երկրների արտաքին գործերի նախարարները առանձին հանդիպումներ են անցկացրել ինչպես ամերիկյան, այնպես էլ իրանական կողմի հետ։