Իսրայել Կաց․ եթե «Համաս»-ը առևանգի իսրայելցի զինվորի, Գազա քաղաքը կդատարկվի բնակչությունից
Եթե «Համաս»-ը առևանգի իսրայելցի զինվորի, Գազա քաղաքը կզրկվի իր բնակչությունից. այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշում է, որ առկա են «տարբեր մտադրություններ և հետախուզական տվյալներ», որոնք վկայում են, որ «Համաս»-ը ծրագրում է իսրայելցիներին առևանգելու նոր փորձեր։
Կացը չի հստակեցնում սպառնալիքի մանրամասները, սակայն նախազգուշացում է հղում Գազայում գործող զինյալ խմբավորմանը, ինչպես նաև Իրանին և Թուրքիային։
«Հաշվի առնելով տարբեր մտադրություններն ու հետախուզական տվյալները՝ ես նախազգուշացնում եմ ահաբեկչական կազմակերպությանը և նրա աջակիցներին՝ Իրանից մինչև Էրդողան. եթե նույնիսկ մեկ իսրայելցի զինվոր կամ քաղաքացիական անձ առևանգվի, Գազա քաղաքի ողջ բնակչությունը՝ մեկ միլիոն մարդ, կտեղափոխվի դեպի հարավ», – հայտարարում է Կացը։
Իսրայելի պաշտպանության նախարարը նաև հայտարարում է, որ Իսրայելը չի նահանջի Գազայում ներկայիս «դեղին գծից» դեպի տարածքի ներսում գտնվող տեղակայման նոր գծեր, քանի դեռ «Համաս»-ը չի ոչնչացվել, իսկ Գազան՝ զինաթափվել։