Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը կկանգնի երդվյալ ատենակալների դատարանի առջև
Իսպանիայի դատարանի որոշմամբ՝ վարչապետ Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնիա Գոմեսը, կանգնելու է երդվյալ ատենակալների դատարանի առաջ՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման և պետական միջոցների յուրացման մեղադրանքներով։ Այս մասին տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
Իսպանիայի դատարանից հայտնել են, որ Գոմեսի գործը կքննվի երդվյալ ատենակալների դատարանի կողմից։ Այս ընթացակարգն Իսպանիայում կիրառվում է միայն սահմանափակ կատեգորիայի հանցագործությունների դեպքում, այդ թվում՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման գործերով։
«Բեգոնիա Գոմեսն անմեղ է։ Յուրաքանչյուր ոք, ով ծանոթ է հետաքննության ընթացքին, հասկանում է, որ գործը քաղաքականապես մոտիվացված է։ Այն հիմնված է ծայրահեղ աջակողմյան կազմակերպության կողմից կեղծ տեղեկատվության հիման վրա ներկայացված սուտ մեղադրանքների վրա, որոնց միակ նպատակը վարչապետի կնոջ քաղաքական հետապնդումն ու հալածանքն է», – հայտարարել են Պեդրո Սանչեսի գրասենյակում։
Բեգոնիա Գոմեսի փաստաբանական խումբը բողոքարկել է որոշումը և դիմել Մադրիդի գերագույն դատարան՝ պահանջելով կարճել նրա դեմ ներկայացված մեղադրանքները, որոնք նա հերքում է, ինչպես նաև չեղարկել նախորդ ամիս ստորին ատյանի դատարանի կողմից կայացված այլ որոշումներ։
Ի գիտություն՝ Մադրիդի դատարանը կարճել է Գոմեսի դեմ գործարար կոռուպցիայի հետ կապված երրորդ մեղադրանքը և չեղարկել ստորին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի՝ նրան արգելվում էր լքել երկիրը։ Այնուամենայնիվ, դատարանն ուժի մեջ է թողել նրա դեմ հարուցված գործի հիմնական մասը։