Իսպանիայի կառավարությունը կհաստատի թագավորական դեկրետ՝ երկրում բնակվող 500,000 միգրանտների օրինականացման գործընթացը սկսելու վերաբերյալ
Իսպանիայի վարչապետի խոսքով՝ կառավարությունը ապրիլի 15-ին կհաստատի թագավորական դեկրետ՝ երկրում բնակվող 500,000 միգրանտների օրինականացման (լեգալացման) վերաբերյալ։
Ինչպես Պեդրո Սանչեսը գրել է «X» սոցիալական ցանցում, այս քայլը անհրաժեշտ է և ճիշտ։ Նրա խոսքով՝ ապրիլի 15-ին ուժի մեջ կմտնի թագավորական հրամանագիրը, որով կսկսվի Իսպանիայում առանց օրինական կարգավիճակի գտնվող 500,000 միգրանտների օրինականացման գործընթացը։
Իսպանիայի վարչապետն ասում է, որ այս քայլն անհրաժեշտ է «նորմալացման և իրականության ճանաչման համար»։
«Սա արդարության ակտ է և անհրաժեշտություն։ Մենք ճանաչում ենք նրանց իրավունքները, բայց պահանջում ենք ստանձնել պարտավորություններ, որպեսզի նրանք, ովքեր արդեն մեր առօրյա կյանքի մասն են կազմում, լինեն հավասար պայմաններում», – հայտարարել է Սանչեսը։
Նրա խոսքով՝ Իսպանիայի կառավարությունը գործելու երկու տարբերակ ուներ.
«Մեկ ճանապարհը նրանցն է, ովքեր վախ են սերմանում և մարդկանց տրամադրում են միմյանց դեմ՝ հազարավոր մարդկանց մատնելով մեկուսացման։ Կամ կա նրանց ճանապարհը, ովքեր հասկանում են, որ միգրացիան իրականություն է և պահանջում է պատասխանատու արձագանք։ Անհրաժեշտ է ապահովել արդարացի ինտեգրում և դա վերածել մեր ընդհանուր բարօրությանը։ Իսպանիան միշտ ընտրել է երկրորդ ճանապարհը»։
Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միգրանտների օրինականացման մասին որոշում Իսպանիայի կառավարությունը չէր ընդունել վերջին 21 տարվա ընթացքում։ Որոշումը կնպաստի Իսպանիայում գտնվող 500,000-ից մինչև 840,000 միգրանտների օրինականացմանը։
Ինչպես նշվել է, ընդունված որոշումը վերաբերում է այն մարդկանց, ովքեր Իսպանիա են ժամանել մինչև 2026 թվականի հունվարի 1-ը, հինգ ամիս չեն լքել Իսպանիայի տարածքը, չունեն դատվածություն և վտանգ չեն ներկայացնում հասարակության համար։