Իսահակ Հերցոգ. Իսրայելի քաղաքական ղեկավարությունը չի արել ամեն ինչ, ինչ կարող էր՝ Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների վրա հրեաների հարձակումները կանգնեցնելու համար
Իսրայելի քաղաքական ղեկավարությունը չի արել ամեն ինչ, ինչ կարող էր՝ Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների վրա հրեաների հարձակումները կանգնեցնելու համար, – այս մասին հայտարարել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը։
Իսրայելի նախագահի խոսքով՝ առկա են ազգայնական բնույթի հանցագործությունների շատ լուրջ դրսևորումներ, որոնք վտանգում են պետության գործելու ունակությունը և խաթարում ինքնիշխանության իրականացումն ու օրենքի գերակայության ապահովումը։
«Իսրայելը ժողովրդավարական և օրենքի գերակայության վրա հիմնված պետություն է։ Ոչ ոք իրավունք չունի օրենքն իր ձեռքը վերցնել։ Դա մեծ վնաս է հասցնում Իսրայելի բարի համբավին․ դա բիծ է նրա իմիջի վրա, և որ ամենակարևորն է, նախևառաջ վնասում է հենց բնակեցման գործընթացին։ Սա այլևս չի կարող այսպես շարունակվել։ Մենք պետք է ապահովենք բոլոր անհրաժեշտ լծակները, և քաղաքական ղեկավարությունը նույնպես պետք է ապահովի դրանք, որպեսզի այս երևույթը դադարեցվի։ Կան իրավական և այլ միջոցներ, որոնք կարող են օգտագործվել այս երևույթը կանգնեցնելու և կանխելու համար, քանի որ դա մերը չէ, մեզ չի պատկանում և ոչ հրեական է, ոչ էլ իսրայելական», – նշել է Իսահակ Հերցոգը։