Իրավապահները առգրավել են 16 կիլոգրամից ավելի տարբեր տեսակի թմրանյութ, ձերբակալվել է երեք անձ
Վրաստանի ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և իրացմանն աջակցելու մեղադրանքով երեք անձի են ձերբակալել:
Հետաքննությամբ պարզվում է, որ մեղադրյալները ներգրավված են եղել թմրամիջոցների իրացման հանցավոր սխեմաներում, մասնավորապես՝ նրանք տարբեր ինտերնետային հավելվածների և սոցիալական ցանցերի միջոցով, հետագա իրացման նպատակով, կոնկրետ վայրերում տեղադրել են թմրամիջոցներ:
Իրավապահները մեղադրյալների անձնական և բնակարանային խուզարկությունների արդյունքում, ինչպես նաև տարբեր վայրերից, որպես իրեղեն ապացույց առգրավել են վաճառքի համար նախապատրաստված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, այդ թվում՝ մինչև 14 կիլոգրամ չորացված «մարիխուանա», մինչև մեկ կիլոգրամ «հաշիշ», մինչև մեկ կիլոգրամ նոր հոգեակտիվ նյութ և «մեթադոն»:
Ձերբակալվածների թվում է մի անձ, ում բացահայտման նպատակով իրավապահներն իրականացրել են նրա անունով ուղարկված ծանրոցի փոխարինում և որպես իրեղեն ապացույց առգրավել խոշոր չափերով թմրամիջոց:
Քննչական գործողությունների արդյունքում ոստիկանության կողմից առգրավվել են նաև թմրամիջոցների փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր:
Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 260-րդ և 260-րդ պրիմ (260⁴) հոդվածներով, ինչը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում: