Իրանում հայտարարում են, որ Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել է Զինված ուժերի շտաբի պետ Մոհամմադ Բագերին

10:27, 13.06.2025

Իրանի պետական հեռուստաընկերության տվյալներով՝ Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ Մոհամմադ Բագերին։

Բագերին Իրանի ամենաբարձր աստիճանի զինվորական պաշտոնյան էր։ Նա միացել էր Հեղափոխական գվարդիային 1980 թվականին։

Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ Իսրայելում հայտարարել էին, որ հարվածել են Իրանի միջուկային թիրախներին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նշել էր, որ Իսրայելը սկսել է հարվածել Իրանին, և երկրում հայտարարվել է «հատուկ արտակարգ դրություն»։ Տարածվել էր նաև Իսրայելի վարչապետի հայտարարությունը։ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը սկսել է «Բարձրացող առյուծ» օպերացիան, որի ընթացքում իսրայելցի օդաչուները հարձակվում են Իրանի տարածքում բազմաթիվ թիրախների վրա, և օպերացիան կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։

Իրանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել են մի քանի բարձրաստիճան ռազմական պաշտոնյաներ, նաև տեղեկություններ կան խաղաղ բնակչության զոհերի մասին։

Իրանում հաստատել են, որ հարվածի արդյունքում զոհվել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար Հոսեյն Սալամին։

Իրանի զինված ուժերի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսրայելը և ԱՄՆ-ը դրա համար ծանր գին են վճարելու։ Իրանի հոգևոր առաջնորդը ևս սպառնացել է Իսրայելին խիստ պատժով։

Նմանատիպ