Իրանում հայտարարում են, որ հարձակվել են Բահրեյնում և Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ԱՄՆ արդյունաբերական օբյեկտների վրա
Իրանցի զինվորականների հայտարարության համաձայն՝ հարձակում է իրականացվել Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ արդյունաբերական օբյեկտների վրա։
«Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) պնդմամբ՝ «Ճշմարիտ խոստում 4» գործողության 90-րդ ալիքի շրջանակներում հարվածներ են հասցվել պողպատի և ալյումինի արդյունաբերություններին։ Հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածները պատասխան գործողություն էին իրանական արդյունաբերական օբյեկտների վրա նախկինում կատարված հարձակումներին։
Միևնույն ժամանակ, Պահապանների կորպուսի հայտարարության մեջ նշվում է, որ եթե իրանական արդյունաբերական օբյեկտների վրա հարձակումները շարունակվեն, իրավիճակն է՛լ ավելի կլարվի։
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գործողությունն ուղղված է եղել նաև ԱՄՆ ռազմական սպառազինության օբյեկտների, այդ թվում՝ «Ռաֆայել» զենքի գործարանների և Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի մոտակայքում գտնվող ԱՄՆ ուժերի գաղտնի դիրքերի դեմ։
Պահապանների կորպուսը նաև նշել է, որ հարձակման ժամանակ տասնյակ ամերիկացի զինվորականներ են զոհվել կամ վիրավորվել։
Համաձայն հայտարարության՝ 90-րդ ալիքի երկրորդ փուլն ուղղված է եղել Իսրայելի ավիաբազաների դեմ Թել Նոֆում, Պալմախիմում և Բեն Գուրիոնում, ինչպես նաև ռազմական հավաքակայանների դեմ Թել Ավիվում, Հայֆայում, Էյլաթում, Նեգևում և Բերշևայում։
Իրանական լրատվամիջոցների համաձայն՝ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով ռմբակոծվել են Քուվեյթում գտնվող Ահմադ ալ-Ջաբերի և Ալի ալ-Սալեմի ԱՄՆ ռազմաբազաները, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում գտնվող Ալ-Խարջ բազան։