Իրանում չեն հաստատում տեղեկատվությունն այն մասին, թե Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ են ընթանում. «ԱՄՆ-ն բանակցություններ է վարում ինքն իր հետ»
Իրանում չեն հաստատում տեղեկատվությունն այն մասին, թե Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ են ընթանում. «ԱՄՆ-ն բանակցություններ է վարում ինքն իր հետ»

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում ինքն իր հետ, – այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի միացյալ հրամանատարության «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաքարին:

Նրա խոսքով՝ իրականությանը չի համապատասխանում ԱՄՆ-ի տարածած տեղեկատվությունը, թե Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ են ընթանում:

«Արդյո՞ք ձեր [ԱՄՆ-ի] ներքին պայքարի մակարդակը հասել է այն փուլին, երբ բանակցություններ եք վարում ինքներդ ձեզ հետ: Մեզ պես մարդիկ երբեք չեն հաշտվի ձեզ պես մարդկանց հետ», – հայտարարել է խոսնակը:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի ներդրումները և նավթի նախապատերազմյան գները չեն վերադառնա այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի ընդունել, որ տարածաշրջանային կայունությունը երաշխավորված է Իրանի զինված ուժերի կողմից:

Տեղեկության համար նշենք, որ Դոնալդ Թրամփը վերջին օրերին բազմիցս հայտարարել է, թե Իրանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ: