Իրանին աջակցելու մեղադրանքով ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ֆիզիկական անձանց և ընկերությունների նկատմամբ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ընկերությունների և 13 ֆիզիկական անձանց նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Հոնկոնգի և Պակիստանի քաղաքացիների վրա։
Վաշինգտոնի տեղեկացմամբ՝ նրանք օգնում էին Իրանին զենքի և դրա բաղադրիչների ձեռքբերման հարցում։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
«Ֆինանսների նախարարությունը չի հանդուրժի ռեժիմին ցուցաբերվող որևէ տեսակի աջակցություն և կշարունակի բացահայտել, մերկացնել ու մեկուսացնել այն անձանց և կազմակերպություններին, որոնք նպաստում են Իրանին», – հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Պատժամիջոցներ են սահմանվել ռուսական երկու ընկերության նկատմամբ՝ Ռուսաստանում գործող ինքնաթիռաշինական «Ա․ Ս․ Յակովլևի անվան փորձնական-կոնստրուկտորական բյուրո» բաժնետիրական ընկերության և Ռուսաստանում գործող «ՄԳ-Ֆլոտ» ՍՊԸ ծովային փոխադրող ընկերության նկատմամբ, որի նավերը զենք են փոխադրում Ռուսաստանի կառավարության համար։
«Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ պատժամիջոցների ցուցակում է Պեկինում գործող Իրանի պաշտպանության և զինված ուժերի լոգիստիկայի նախարարության ներկայացուցիչը, ով, ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն, Իրանի անունից Չինաստանում կոորդինացնում էր պատրաստի զինատեսակների համակարգերի և երկակի նշանակության բաղադրիչների գնումը։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև Պակիստանում գործող Վասիմ Փաշա Թաջամալի նկատմամբ, ով Cavalier Group-ի նախագահն է։ Այս մասնավոր պաշտպանական ընկերությունը գործում է Պակիստանում և այլ երկրներում։