Իրանի խորհրդարանում հայտարարում են, որ երկիրը պետք է դուրս գա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից
Իրանը պետք է դուրս գա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից. այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Էբրահիմ Ռեզային։
Նրա խոսքով՝ այդ պայմանագիրը չի կարողացել պաշտպանել Իրանի միջուկային օբյեկտները հարձակումներից։
«Իրանի համար Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին անդամակցության շարունակումն այլևս իմաստ չունի։ Այս պայմանագիրը մեզ ոչ մի օգուտ չի բերել։ Պայմանագիրը ոչ միայն չկարողացավ պաշտպանել մեր երկիրը միջուկային տերությունների հարձակումներից, այլև մեր միջուկային օբյեկտները բազմիցս թիրախ են դարձել։ Միջազգային փաստաթղթերն ու համաձայնագրերը լիովին անտեսված են։
Մենք ռումբ ստեղծելու մտադրություն չունենք, և մեր քաղաքականությունն այս հարցում մնում է անփոփոխ, սակայն երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը հայտարարում է, որ Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու միակ միջոցը ատոմային ռումբն է, դա սադրիչ է և վտանգավոր։ Միացյալ Նահանգները դուրս է եկել 60 միջազգային կազմակերպություններից ու կոնվենցիաներից, իսկ հիմա, եթե մենք ցանկանանք դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, հավանաբար Արևմուտքի կողմից անակնկալի և դիմադրության կհանդիպենք։ Ժամանակն է դուրս գալու», – գրում է Էբրահիմ Ռեզային։