Իրանի պետական հեռարձակողի փոխանցմամբ՝ Հորմուզի նեղուցը կրկին փակվել է, և նավերի անցման համար անհրաժեշտ է Իրանի համաձայնությունը
Իրանի պետական հեռարձակող IRIB-ի փոխանցմամբ՝ Հորմուզի նեղուցը կրկին փակվել է։ Լրատվամիջոցն այս տեղեկությունը տարածում է՝ հղում անելով Իրանի կենտրոնական զինվորական շտաբին։
Նրանց փոխանցմամբ՝ ծովային փոխադրումների հիմնական գոտին «կրկին փակվել է, և անցնելու համար անհրաժեշտ է Իրանի համաձայնությունը»։
Որպես նեղուցի վերստին փակման պատճառ պաշտոնական Թեհրանը նշում է ԱՄՆ-ի կողմից նավահանգիստների ծովային շրջափակման շարունակումը։
«Իրանի կենտրոնական զինվորական շտաբ. Իրանը համաձայնել էր սահմանափակ թվով նավերի անցմանը Հորմուզի նեղուցով՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների, սակայն ԱՄՆ-ն չի կատարել իր պարտավորությունները։ Այսպիսով, Հորմուզի նեղուցն այժմ կրկին փակ է, և անցնելու համար անհրաժեշտ է Իրանի համաձայնությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Տեղեկության համար նշենք, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ է մտել ապրիլի 17-ին և կգործի տասը օր։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հայտարարությամբ՝ Հորմուզի նեղուցը պետք է բաց լիներ բոլոր առևտրային նավերի համար։
Նավիգացիոն MarineTraffic հարթակի տվյալներով՝ այսօր լուսադեմին մի քանի նավ երկու ուղղություններով անցել էին Հորմուզի նեղուցով: