Իրանի «Հեղափոխության պահապանների կորպուսը» տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված արդյունաբերության աշխատակիցներին նախազգուշացնում է անհապաղ լքել աշխատավայրերը
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) նախազգուշացնում է տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված արդյունաբերական ձեռնարկությունների աշխատակիցներին՝ պատասխան գործողությունների պատճառով անհապաղ լքել աշխատավայրերը։
Միաժամանակ, Պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Սեյեդ Մաջիդ Մուսավին հանդես է եկել խիստ նախազգուշացմամբ և սպառնացել պատասխան միջոցներով, որոնք, նրա խոսքով, կվնասեն Միացյալ Նահանգների և Իսրայելի շահերը տարածաշրջանում։
«Դուք մեզ արդեն մեկ անգամ փորձել եք. աշխարհը ևս մեկ անգամ տեսավ, որ դուք ինքներդ սկսեցիք խաղալ կրակի հետ և հարձակվել ենթակառուցվածքների վրա։ Այս անգամ սկզբունքն այլևս չի լինի «ակն ընդ ական», պարզապես սպասեք», – հայտարարել է Մուսավին։
Նախազգուշացումը տարածվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի արդյունաբերական և միջուկային օբյեկտների վրա։ Իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ հարվածները աղտոտման վտանգ չեն ներկայացնում։