Իրանի և Օմանի պաշտոնյաները Թեհրանում բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Իրանի և Օմանի փոխարտգործնախարարները Թեհրանում բանակցություններ են վարել Հորմուզի նեղուցի վերաբերյալ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Այս հանդիպումների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հորմուզի նեղուցում նավերի անվտանգ նավարկության կառավարման ընդհանուր սկզբունքների և գործառնական մեխանիզմների վերաբերյալ՝ հարգելով երկու ափամերձ պետությունների ինքնիշխան իրավունքները», – ասել է Բաղային։
Ըստ Էսմայիլ Բաղայիի, բանակցությունները կառուցողական էին, և որոշակի առաջընթաց է գրանցվել։ Նա հավելել է, որ Հորմուզի նեղուցում ծովային երթևեկության կարգավիճակում որևէ փոփոխություն չի նկատվել։
Ըստ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակի, Օմանի պատվիրակությունն արդեն մեկնել է Թեհրանից, չնայած կողմերի միջև տեխնիկական և քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են։