Իրանը կոչ է անում Սաուդյան Արաբիային և հուսիթներին բանակցել. Սաուդյան Արաբիան ռմբակոծել է Եմենում հուսիթների կողմից գրավված օդանավակայանը

15:22, 11.09.2026

Սաուդյան Արաբիան ռմբակոծել է Եմենում հուսիթ ապստամբների կողմից վերահսկվող օդանավակայանը, հաղորդում է Skynews-ը՝ հղում անելով խմբին կից լրատվամիջոցներին։

Նրանց տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Մոչա քաղաքի օդանավակայանում, որը հուսիթ ապստամբները գրավել էին սեպտեմբերի 10-ին։

Բացի այդ, հայտնի դարձավ, որ Իրանը կոչ է անում Սաուդյան Արաբիային և հուսիթ ապստամբներին բանակցություններ վարել։ Պաշտոնական Թեհրանը կոչ է արել Սաուդյան Արաբիային դադարեցնել հուսիթների կողմից վերահսկվող տարածքում գտնվող նավահանգիստների և օդանավակայանների շրջափակումը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եմենում գործող հուսիթ ապստամբները, որոնց աջակցում է Իրանը, գրավել են Բաբ ալ-Մանդեբ նեղուցի մոտ գտնվող Դուբաբ նավահանգստային քաղաքը։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ նրանք արդեն մոտ են նեղուցի երկայնքով գտնվող ափամերձ քաղաքների լիակատար վերահսկողությանը և փորձում են գրավել Եմենի ամբողջ Կարմիր ծովի ափամերձ գիծը։

Սեպտեմբերի 8-ին եմենցի «հուսիթ» զինյալները հարձակվել են Սաուդյան Արաբիայի վրա՝ վիրավորելով 73 մարդու։ Դրանից հետո Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը՝ իր դաշնակիցների հետ միասին, հարձակում է սկսել «հուսիթ» խմբավորման դեմ։

Տեղեկատվության համար նշենք, որ «հուսիթները» եմենական խմբավորում է, որը վերահսկում է երկրի հյուսիսարևմտյան մասը: «Հուսիթները» իրենց անվանում են «Անսար Ալլահ» և սերտ կապեր ունեն Իրանի հետ: Վերջին տարիներին խմբավորումը հաճախակի հարձակվել է ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ ալ-Մանդեբ նեղուցով նավարկող նավերի վրա:

Նմանատիպ