Իրանը դիմել է Միջազգային ծովային կազմակերպության անդամ երկրներին՝ նշելով, որ իշխանությունների հետ համակարգմամբ Հորմուզի նեղուցով կարող են անցնել «ոչ թշնամական երկրների» նավերը
Իրանը դիմել է Միջազգային ծովային կազմակերպության անդամ երկրներին՝ նշելով, որ իշխանությունների հետ համակարգմամբ Հորմուզի նեղուցով կարող են անցնել «ոչ թշնամական երկրների» նավերը

Իրանը նամակ է հղել Միջազգային ծովային կազմակերպության (IMO) անդամ երկրներին, որում ասվում է, որ Իրանի իշխանությունների հետ համաձայնեցմամբ՝ «ոչ թշնամական երկրների նավերը» կարող են անցնել Հորմուզի նեղուցով։

«Financial Times»-ի փոխանցմամբ՝ Միջազգային ծովային կազմակերպությանը ուղարկված նամակում Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Թեհրանը «ձեռնարկել է անհրաժեշտ և համաչափ միջոցներ, որպեսզի ագրեսորներն ու նրանց աջակիցները չօգտագործեն Հորմուզի նեղուցը Իրանի դեմ թշնամական գործողությունները շարունակելու համար»։

Հրատարակության տեղեկություններով՝ վերջին օրերին Իրանը միայն սահմանափակ թվով նավերի է թույլ տվել անցնել իր տարածքային ջրերով։

Lloyd’s List Intelligence-ի և իրավիճակին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ՝ որոշ նավեր Իրանին վճարել են երկու միլիոն դոլար՝ ծոցով անվտանգ անցումն ապահովելու համար։

Ինչպես գրում է պարբերականը, Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման սկզբից ի վեր Պարսից ծոցում ներկայումս մնում է մոտ 3 200 նավ, որոնք չեն կարողանում անցնել Հորմուզի նեղուցով։ Հակամարտության սկզբից ի վեր Իրանը ռմբակոծել է առնվազն 22 նավ։