Իրակլի Կոբախիձեն ուսումնասիրել է ձկնորսության լիցենզիա ունեցող նավերը
Իրակլի Կոբախիձեն ուսումնասիրել է ձկնորսության լիցենզիա ունեցող նավերը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Փոթիում ուսումնասիրել է ձկնորսության լիցենզիա ունեցող նավերը։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարության ղեկավարը հանդիպել է լիցենզիա ունեցողների հետ և մանրամասն տեղեկատվություն ստացել նրանց գործունեության մասին։

Ձկնորսության լիցենզիա ունեն հինգ ընկերություններ՝ «Sea Products», «Paliastom 2004», «Geofish Company», «Iceberg 2», «MBM»:

«Լիցենզիա ունեցող ընկերությունները ձուկ են մշակում, և այդ նպատակով վերջին տարիներին բացվել են միջազգային չափանիշներով ձկան ալյուրի և ձեթի արտադրության չորս ձեռնարկություն և երեք սառցարան։ Լիցենզիայի տրամադրման պահին վրացական ընկերություններից ոչ մեկը սեփական ձկնորսական նավ չի ունեցել, իսկ ձկնորսությունն իրականացվում էր վարձակալած նավերի միջոցով։ Տեղական արտադրության զարգացմանը զուգընթաց սկսվեցին վրացական ձկնորսական նավատորմի ստեղծման աշխատանքները, ինչի արդյունքում լիցենզիա ունեցող ընկերությունները ձեռք բերեցին հինգ նավ։

«Արտադրիր Վրաստանում» պետական ​​ծրագրի աջակցության արդյունքում վրացական ձկնորսական նավատորմն ավելացել է ինը նավով։ Ծրագիրը նաև տեղական ձկնորսներին հնարավորություն է տվել ձեռք բերել ժամանակակից չափանիշներին համապատասխան ձկնորսական նավեր, ինչը նպաստում է ոլորտի զարգացմանը և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը։

Վրացական նավերի անձնակազմը կազմված կլինի ուսուցանված վրացի ձկնորսներից և նավաստիներից։ Ծրագրի շրջանակներում կատարված ընդհանուր ներդրումները գերազանցում են 38 մլն լարին։ Աշխատանքի է տեղավորվել ևս 161 մարդ։ Նոր նավերի գնումը թույլ է տալիս լիցենզիա ունեցող ընկերություններին ամբողջությամբ յուրացնել ձկնային ռեսուրսները», – նշվում է Վրաստանի կառավարության տարածած տեղեկատվության մեջ։