Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, կառավարության անդամների հետ միասին, մուսուլման համայնքին իֆտարի է հրավիրել։
Կոբախիձեն խոսել է մուսուլման համայնքի դերի մասին ժամանակակից, ուժեղ վրացական պետության կառուցման գործընթացում և շնորհավորել նրանց առաջիկա Ռամադան-Բայրամի կապակցությամբ։
«Մեզ համար մեծ պատիվ է այս տարի նույնպես ձեզ հյուրընկալել Իֆտարի։ Այս հավաքը ևս մեկ ապացույց է, որ մեր եղբայրությունը, միասնությունը և փոխադարձ հարգանքը անսասան են։ Շնորհավորում եմ Վրաստանի յուրաքանչյուր մուսուլմանի, ամբողջ մուսուլմանական համայնքին Ռամադանի սուրբ ամսվա կապակցությամբ։ Շուտով իսլամական աշխարհը կնշի Ռամադան Բայրամը։ Սա միասնության և եղբայրության մեծ տոն է, որը վրացական պետությունը կիսում է ձեզ հետ։ Մեր ուժը միասնության մեջ է, որը կապում է մեզ՝ Վրաստանում ապրող ժողովուրդներին, այս հողի վրա։ Այսօր տարածաշրջանում տեղի են ունենում ամենադժվար իրադարձությունները, և այս ֆոնին հատկապես խորհրդանշական է, որ Վրաստանի սուննիներն ու շիաները միասին աղոթում են մեկ մզկիթում։ Հենց սա է վրացական իսլամը դարձնում եզակի։ Կարծում եմ՝ սա բոլորի համար խաղաղ համակեցության և համընդհանուր համաձայնության օրինակ է։ Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ այսօր Մերձավոր Արևելքում դժվարին իրավիճակ է։ Կցանկանայի մեր բարեկամ երկրներին մաղթել խաղաղության վերականգնում, որը անհրաժեշտ պայման է մարդկանց բարգավաճման, առաջընթացի և զարգացման համար։ Բոլորիդ մաղթում եմ խաղաղություն», – ասաց Իրակլի Կոբախիձեն։
Իֆտարում հավաքված մուսուլման համայնքին ելույթ ունեցան Կրոնական գործերի պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեն, Արևմտյան Վրաստանի մուֆթի Ադամ Շանթաձեն, Վրաստանի մուսուլմանների շեյխ Ֆաիգ Նաբիևը և Արևելյան Վրաստանի մուֆթի Էթիբար Էմինովը։
Վրաստանի վարչապետի անունից մուսուլման համայնքի պատվին կազմակերպված իֆտարին ներկա էին հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Թեա Ախվլեդիանին, տարածաշրջանային զարգացման նախարար Կախա Գուլեդանին, Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Սուլխան Թամազաշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։