Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրամիության խորհուրդը նախագահող երկրի՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրամիության խորհուրդը նախագահող երկրի՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։
Դեմ առ դեմ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հունգարիայի երկկողմ հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր։ Ընդգծվել է Եվրամիության Խորհրդում Հունգարիայի նախագահության ընթացքում վարչապետ Օրբանի այցի կարևորությունը։ Նշվել է, որ դա հաստատում է Հունգարիայի աջակցությունը Վրաստանի առաջնահերթություններին։
Վարչապետը նշել է, որ Եվրամիությանն ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից է։ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Վիկտոր Օրբանին եվրաինտեգրման ճանապարհին ցուցաբերած աջակցության համար և նշել, որ Հունգարիան առանձնահատուկ դեր է խաղացել Վրաստանի կողմից թեկնածուի կարգավիճակի ընդունման գործընթացում։
Դեմ առ դեմ հանդիպումից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության կոնկրետ նախաձեռնություններ, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի հետագա ընդլայնման հարցեր։ Ընդգծվել է Հունգարիայի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման կարեւորությունը։ Այս ուղղությամբ նշվել է ներդրումների ոլորտում Վրաստանի և Հունգարիայի միջև համագործակցության մասին համաձայնագրի կարևորությունը։ Խոսվել է զբոսաշրջության ոլորտում համագործակցության և այս ուղղությամբ դրական դինամիկայի մասին։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Վրաստանի և Հունգարիայի կողմից իրականացվող համատեղ նախագծերին։ Ընդգծվել է սևծովյան մալուխի նախագծի կարևորությունը և նշվել, որ ապագայում մեծ ուշադրություն է դարձվելու նմանատիպ նախագծերի իրականացմանը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։