Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքիայի առողջապահության նախարարի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքիայի առողջապահության նախարարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի Հանրապետության առողջապահության նախարար Քեմալ Մեմիսօղլուի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերությունը և առողջապահության ոլորտում ակտիվ համագործակցությունը։ Նշվել է, որ երկու երկրների միջև առողջապահության ոլորտում սերտ գործընկերությունը կոնկրետ, շոշափելի արդյունքներ է բերել քաղաքացիներին որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու և դեղորայքի ֆինանսական հասանելիության առումով։

Շեշտվել է թուրքական կլինիկաների հետ մանկական ուռուցքաբանական ծառայությունների ամրապնդման գործում արդյունավետ համագործակցությունը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի առողջապահության նախարարին Վրաստանի առողջապահության ոլորտին ցուցաբերած աջակցության համար և հույս հայտնել, որ երկու երկրների առողջապահական գերատեսչությունների միջև համագործակցության հուշագրի ստորագրումը կնպաստի գործընկերության հետագա զարգացմանը։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։