Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Սինգապուրի վարչապետի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Սինգապուրի վարչապետ Լոուրենս Վոնգի հետ։
Վրաստանի կառավարության աշխատակազմի տվյալներով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկարատև արդյունավետ հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության վրա։
«Կողմերը քննարկել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության հետագա ակտիվացման և երկկողմ և բազմակողմ ձևաչափերով արդյունավետ համագործակցության կարևորությունը։
Հանդիպման ժամանակ առաջնորդները քննարկել են նաև առևտրային, տնտեսական և ներդրումային ոլորտներում կապերի խորացման ներուժը։ Այս համատեքստում ուշադրություն է դարձվել Վրաստանում իրականացվող տնտեսական և կառուցվածքային բարեփոխումներին, տնտեսական աճի դրական դինամիկային և երկրում ստեղծված բարենպաստ բիզնես միջավայրին։
Շեշտադրվել է Վրաստանի կարևոր դերը Եվրոպայի և Ասիայի միջև կապի գործում։ Կողմերը քննարկել են նաև տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հեռանկարները», – ասվում է Վրաստանի կառավարության աշխատակազմի հայտարարության մեջ։
Իրակլի Կոբախիձեն Սինգապուրի վարչապետին հրավիրել է Վրաստան։
Կառավարության ղեկավարը գրառում է կատարել Իստանա նստավայրի պատվավոր հյուրերի գրքում։