Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ ընդգծվել է Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը և պատրաստակամություն է արտահայտվել տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացման համար։
«Հատուկ շեշտադրվել է տարածաշրջանային, առևտրատնտեսական և տրանսպորտային-էներգետիկ համագործակցության զարգացումը և տարանցիկ գործառույթը, կապի կարևորությունը։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ Թուրքիայի Հանրապետությունը Վրաստանի համար թիվ մեկ առևտրային գործընկերն է։ Կողմերը քննարկել են երկկողմ առևտրի հետագա զարգացման ներուժը։ Ուշադրություն է դարձվել կրթության, պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցությանը։
Կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները։ Նշվել է, որ Վրաստանը պաշտպանում է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու անհրաժեշտության գաղափարը, ինչին կարելի է հասնել բանակցությունների միջոցով՝ միջազգային հանրության աջակցությամբ։ Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հատուկ նշանակությունը։ Վարչապետը նշել է, որ Վրաստանը պաշտպանում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձեւը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կառուցողական համագործակցությանը։
Թուրքիայի Հանրապետության նախագահը հաստատել է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև երկրի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացին։ Դեմ առ դեմ հանդիպումից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով, որին մասնակցել են երկու երկրների կառավարությունների անդամները»,- նշվում է պաշտոնական տեղեկատվության մեջ։