Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Միջազգային ծովային կազմակերպության գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Միջազգային ծովային կազմակերպության գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսի հետ։
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել կազմակերպության գլխավոր քարտուղարին Վրաստանի Միջազգային ծովային ֆորումին մասնակցության համար և ընդգծել Միջազգային ծովային կազմակերպության հետ արդյունավետ համագործակցությունը։ Նշվել է Միջազգային ծովային կազմակերպության աջակցության դերը Վրաստանի ծովային ոլորտի զարգացման և արդիականացման գործում։
Կառավարության աշխատակազմի տվյալներով՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը, այդ թվում՝ ծովային անվտանգության ամրապնդման, շրջակա միջավայրի չափանիշների բարելավման և թվային կապի զարգացման գործում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև աճող բեռնաշրջանառությանը և խոշորածավալ ենթակառուցվածքային նախագծերին, որոնք Վրաստանի կառավարությունն իրականացնում է կապի գործառույթը ամրապնդելու համար։ Այս առումով ընդգծվել է օդանավակայանների և երկաթուղիների, ինչպես նաև Անակլիայի խորջրյա նավահանգստի արդիականացման կարևորությունը, որը մինչև 2029 թվականը կընդունի առաջին նավերը։