Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի ներքին գործերի նախարարի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ, ով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։
Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են իրավապահ ոլորտում երկու երկրների միջև սերտ համագործակցության հարցերը։ Նշվել է, որ Վրաստանի և Հայաստանի ներքին գործերի նախարարությունների միջև ստորագրված՝ հանցավորության դեմ պայքարի մասին համաձայնագիրը ամուր հիմք է ստեղծում այդ գործընկերության հետագա զարգացման համար։ Կարևորվել են թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների և անօրինական միգրացիայի դեմ պայքարին ուղղված հաջող իրականացված համատեղ գործողությունները։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության կարևորությանը և երկկողմ հարաբերությունների խորացման հնարավորություններին։