Իրակլի Կոբախիձեն հանդիպել է «Changi Airports International»-ի գլխավոր գործադիր տնօրենի և «BluFive Capital»-ի հիմնադրի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Changi Airports International-ի գլխավոր գործադիր տնօրեն Յուջին Գանի և BluFive Capital-ի հիմնադիր ու գլխավոր գործադիր տնօրեն Հազեմ Բեն-Գասեմի հետ։ Այս մասին հայտնել է կառավարության վարչակազմը։
Ըստ վարչակազմի տվյալների՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Քննարկման առանցքում են եղել Վրաստանի ավիացիայի և զբոսաշրջության ոլորտների արագ աճը, շուկա նոր ավիաընկերությունների մուտքը և Թբիլիսիի համար Վազիանիում նոր միջազգային օդանավակայանի կառուցման նախագիծը. մի նախաձեռնություն, որի շրջանակում համագործակցելու պատրաստակամություն է հայտնել Changi Airports International-ը։ Նախագծի համաձայն՝ օդանավակայանը կունենա տարեկան մինչև 20 միլիոն ուղևոր սպասարկելու հզորություն։
Վարչապետը նշել է, որ Վրաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս համաշխարհային ներդրումային և ավիացիոն ընկերությունների հետ գործընկերությանը։
Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ անցյալ տարի Վրաստան կատարված միջազգային այցելությունների թիվը հասել է 7,8 միլիոնի, իսկ զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է 4,7 միլիարդ դոլար։ Բացի այդ, զգալիորեն ընդլայնվել է միջազգային ավիահաղորդակցությունը. այսօր շուրջ 80 ավիաընկերություն Վրաստանից թռիչքներ է իրականացնում դեպի ավելի քան 140 միջազգային ուղղություն։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել ավիացիոն ոլորտում միջազգային փորձի փոխանակման ուղղությամբ և քննարկել գործընկերության հետագա զարգացման հնարավորությունները։
Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին և Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին,- նշված է կառավարության վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ։