Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Բելառուսի փոխվարչապետ Յուրի Շուլեյկոյի հետ։
Վրաստանի կառավարության տվյալներով՝ անձնական հանդիպման ժամանակ քննարկվել են Բելառուսի և Վրաստանի միջև հարաբերությունները և համագործակցության ապագա հեռանկարները։
«Քննարկվել են երկկողմ գործընկերության արդիական հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում։ Ընդգծվել է Վրաստանի դերը որպես անվտանգ երկիր՝ կայուն, կանխատեսելի և ներդրողների համար բարենպաստ միջավայր ստեղծելու առումով։ Ընդգծվել է Վրաստանի և Բելառուսի միջկառավարական տնտեսական հանձնաժողովի յոթերորդ նիստի անցկացման կարևորությունը՝ երկրների միջև առկա արդիական տնտեսական հարցերի քննարկման առումով։ Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում դրական դինամիկան և Վրաստանում բելառուս զբոսաշրջիկների թվի աճը», – ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։