Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Ալեխանդրո Հայդենբերգի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Ալեխանդրո Հայդենբերգի հետ։
Վրաստանի կառավարության աշխատակազմի տվյալներով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև սերտ համագործակցությունը և ԱՄՀ-ի աջակցությունը, այդ թվում՝ հարկաբյուջետային և կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ։
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել Վրաստանի տնտեսական աճի դինամիկային։ Նշվել է, որ վերջին 5 տարիների ընթացքում երկրի տարեկան տնտեսական աճի միջին տեմպը կազմել է 9.3%, և այս միտումը շարունակվում է նաև այս տարի։
Վարչապետը նշել է, որ կառավարության տնտեսական քաղաքականությունը կենտրոնացած է մակրոտնտեսական կայունության պահպանման, կառուցվածքային բարեփոխումների շարունակման և ռազմավարական ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վրա, այդ թվում՝ Սև ծովի ստորջրյա մալուխի և Անակլիայի խորջրյա նավահանգստի։
Ուշադրությունը կենտրոնացվել է պետական ձեռնարկությունների համալիր բարեփոխումների վրա, որի արդյունքում խնայված տասնյակ միլիոնավոր լարի կներդրվի ոլորտի զարգացման մեջ։
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Էնդրյու Ջուելը, Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։