Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։
Վրաստանի կառավարության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները, Վրաստանի դերը տարածաշրջանում, ինչպես նաև երկրում առկա քաղաքական իրավիճակը։
Նրանց տվյալներով՝ վարչապետը կրկին հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկման և ռազմավարական գործընկերության նորացման համար, որը հիմնված կլինի հստակ ուղեցույցի վրա և կբերի տեսանելի արդյունքների երկու երկրների համար։
«Ընդգծվել է Վրաստանի կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում, ինչպես նաև երկրի տարանցիկ ներուժը։ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը գործընկերներին առաջարկում է զգալի հնարավորություններ՝ մուլտիմիլիոնանոց շուկաներին հասանելիության առումով։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ընթացիկ քաղաքական գործընթացներին։ Կառավարության ղեկավարը նշել է, որ երկրում ապահովված է քաղաքական կայունություն, որի երաշխավորը Վրաստանի իշխանությունն է։ Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին», – ասված է Վրաստանի կառավարության հաղորդագրությունում։
ԱՄՆ դեսպանատունը Վրաստանում այսօր սոցիալական ցանցում գրել էր, որ Թբիլիսի է ժամանել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ, սենատոր Սթիվ Դեյնսը։ «Սենատոր Սթիվ Դեյնսը նախատեսում է ներկայացնել Թրամփի և Ռուբիոյի առաջնահերթությունները, այդ թվում՝ «Ամերիկան՝ առաջին հերթին» փիլիսոփայության օրակարգը և քայլերը, որոնք Վրաստանի կառավարությունը կարող է ձեռնարկել՝ ցույց տալու, որ իրականում լուրջ է տրամադրված հարաբերությունների բարելավման հարցում ԱՄՆ-ի հետ», – գրել էր ԱՄՆ դեսպանատունը։