Իրակլի Կոբախիձեն «Բի-Բի-Սի»-ին տված հարցազրույցում նշում է, որ ձայների էլեկտրոնային հաշվարկի համակարգը անհնարին է դարձրել ընտրությունների կեղծումը, և մանիպուլյացիայի համար զրոյական տեղ կա
Վրաստանի վարչապետը հերքում է ձայների կեղծման մասին լուրերը, իսկ նախագահը հայտարարում է զանգվածային բողոքի ակցիաների մասին,- այս վերնագրով հոդված է հրապարակում BBC-ն։
Ինչպես գրում է «BBC»-ն, լրագրողին տված բացառիկ հարցազրույցում Վրաստանի վարչապետը հերքել է շաբաթ օրը կայացած ընտրություններում ընտրակեղծիքների և բռնությունների մասին լուրերը և վիճելի արդյունքը նշել որպես համոզիչ հաղթանակ և վճռական շահ այս երկրի համար։
«Ամենուր խախտումներ են տեղի ունենում»,- «BBC»-ին ասել է Իրակլի Կոբախիձեն։
Բացառիկ հարցազրույցում վարչապետը հայտարարեց նաև, որ իշխանությունն անպայման կուսումնասիրի ընտրությունների օրը և դրանից առաջ արձանագրված խախտումները, սակայն ընդգծեց, որ ընտրությունների ընդհանուր բովանդակությունը համապատասխանում է իրավական սկզբունքներին և ժողովրդավարական ընտրությունների սկզբունքին։
Նաև Կոբախիձեն ընդդիմությանը մեղադրել է ստի մեջ և նշել, որ նրանք նմանատիպ մեղադրանքներ են ներկայացրել 2016, 2020 և 2021 թվականների ընտրությունների ժամանակ։
«Իհարկե, նրանք հիմա այլ ելք չունեն, ուստի պետք է իրենց կողմնակիցներին ասեն, որ կա՛մ իրենք են ստել, կա՛մ իշխանությունը կեղծել է ընտրությունները»,- ասել է վարչապետը։
Վարչապետի խոսքով՝ շաբաթ օրը առաջին անգամ կիրառված ձայների հաշվման էլեկտրոնային համակարգը անհնարին է դարձրել կեղծիքը, և մանիպուլյացիայի համար զրոյական տեղ կա։
Հարցազրույցում Կոբախիձեն հերքել է ընդդիմության մեղադրանքը կառավարության ռուսամետ և «պուտինամետ» կուրսի վերաբերյալ։ Նրա խոսքով, ընդդիմությունը փորձում է վնասել իշխանության հեղինակությունը 3,7 միլիոնանոց բնակչության շրջանում, որը հիմնականում եվրոպամետ է։
Վարչապետն ընդգծել է, որ Վրաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որը դիվանագիտական հարաբերություններ չունի Ռուսաստանի հետ։