Իրակլի Կոբախիձե. Եթե երկու աշխատանքով աշխատելու պատճառն այն է, որ մարդուն եկամուտը չի բավարարում, ապա մենք պետք է բարձրացնենք աշխատավարձը
«Տեօրետիկորեն անհնար է, որ մարդիկ ութ ժամ աշխատեն միաժամանակ տարբեր աշխատավայրերում, այս պրակտիկան պետք է փոխվի», – այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեի խոսքով՝ եթե երկու տեղում աշխատելու պատճառը մարդու եկամուտի և վարձատրության անբավարարությունն է, ապա համապատասխան անձանց պետք է բարձրացվի աշխատավարձը։
«Նպատակը ծախսերի օպտիմալացումն է։ Պետական ձեռնարկություններում աշխատակազմի օպտիմալացման շնորհիվ արդեն խնայել ենք ավելի քան 60 մլն լարի։ Սխալ պրակտիկա էր ձևավորված, երբ մարդիկ միաժամանակ ամբողջ դրույքով աշխատում էին երկու, երբեմն նույնիսկ երեք տեղում։ Տեօրետիկորեն անհնար է ութ ժամ աշխատել երկու կամ երեք տարբեր աշխատավայրում։ Այս պրակտիկան պետք է փոխվի։ Այստեղ ևս կկատարվի ծախսերի և կադրերի օպտիմալացում, և նման պայմաններում, բնականաբար, հանրային ծառայությունն ավելի ճիշտ կգործի։ Եթե երկու տեղում աշխատելու պատճառը այն է, որ մարդու վարձատրությունն ու եկամուտը բավարար չեն, ապա այդ դեպքում պետք է բարձրացնենք համապատասխան անձանց աշխատավարձը։ Կան դեֆիցիտային մասնագիտություններ և դեպքեր, երբ հանրային ծառայությունում վարձատրությունը չի համապատասխանում շուկայի պահանջներին։ Նման պայմաններում մենք ոչ թե ֆիկտիվ կամ արհեստականորեն պետք է աշխատատեղ տրամադրենք երկու կամ երեք տեղում, այլ պետք է առաջարկենք վարձատրություն, որը համահունչ կլինի շուկայի պահանջներին։ Սա կլինի ճիշտ մոտեցումը», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։