Իրակլի Կոբախիձե. Վրաստանը 23 դարերի պատմություն ունի, դիվանագիտությունը մեր գենետիկական կոդի մեջ է, մեր ինքնիշխանության, անկախության և ազգային շահերի պաշտպանության գործում գլխավոր գործիքը եղել է դիվանագիտությունը
Մեր ինքնիշխանության, անկախության և ազգային շահերի պաշտպանության գործում գլխավոր գործիքը եղել է դիվանագիտությունը, ուստի մենք հավատում ենք դիվանագիտությանը և դրա դերին. այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացվող առաջնորդների պանելային քննարկման ժամանակ՝ «Ապագայի սահմանում և ռիսկերի կառավարում» թեմայով ելույթի ընթացքում։
Ինչպես նշել է Կոբախիձեն, Վրաստանը 23 դարերի պատմություն ունի, և այդ 23 դարերի ընթացքում երկիրը ստիպված է եղել գոյատևել շատ բարդ աշխարհաքաղաքական միջավայրում և կայսրությունների խաչմերուկում։
«Առաջին հերթին, երբ խոսում ենք դիվանագիտության մասին, պետք է նշեմ, որ Վրաստանը 23 դարեկան է։ Հետևաբար, դիվանագիտությունը մեր գենետիկական կոդի մեջ է։ Այս 23 դարերի ընթացքում մենք ստիպված ենք եղել գոյատևել շատ բարդ աշխարհաքաղաքական միջավայրում և կայսրությունների խաչմերուկում։ Շատ նման կայսրություններ այսօր այլևս գոյություն չունեն, բայց Վրաստանը փրկվեց։ Մեր ինքնիշխանության, անկախության և ազգային շահերի պաշտպանության գործում գլխավոր գործիքը եղել է դիվանագիտությունը։ Ուստի մենք հավատում ենք դիվանագիտությանը և դրա դերին։
Անկախության վերականգնման օրվանից՝ նախորդ դարի 90-ական թվականներից, մենք նաև շատ սխալներ ենք թույլ տվել, քանի որ Վրաստանն այն ժամանակ թերևս բավարար չափով դիվանագիտական կամ պրագմատիկ չէր։ Հավանաբար դա էր սխալների պատճառը։ Սակայն մենք այստեղից շատ եզրակացություններ արեցինք և նորից սովորեցինք լինել դիվանագիտական ու պրագմատիկ։ Հենց այդպես ենք մենք կարողանում երկրում պահպանել խաղաղությունն ու կայունությունը։ Անկախության վերականգնումից հետո ստացած փորձը նույնպես պատճառ է, որ մենք հավատում ենք դիվանագիտությանը և դրա կարևորությանը։
Կարծում եմ, որ այս մոտեցումը պետք է ունենան բոլոր երկրները։ Բոլոր պետությունները պետք է շեշտը դնեն դիվանագիտական ելքեր փնտրելու վրա՝ խնդիրները լուծելիս և տարբեր հարցեր կարգավորելիս։ Ներկայումս կոպիտ քաղաքական շահերը գերակշռում են դիվանագիտությանը։ Այսպիսին է աշխարհում տիրող ընդհանուր պատկերն ըստ իմ ընկալման։ Դա պետք է ինչ-որ կերպ փոխվի»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։