Իրակլի Կոբախիձե. Փետրվարին տնտեսական աճը կազմել է 8,8%, մեզ հաջողվում է պահպանել տնտեսական աճի արագ տեմպը
Փետրվարին տնտեսական աճը կազմել է 8,8%, – այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Կոբախիձեի խոսքով՝ հունվար-փետրվարի միջին աճը կազմել է 8,4%, ինչը հատկապես կարևոր է:
«Հրապարակվել են փետրվարի տնտեսական աճի տվյալները, և փետրվարին տնտեսական աճը կազմել է 8,8%: Համապատասխանաբար, հունվար-փետրվարի միջին աճը կազմել է 8,4%, ինչը հատկապես կարևոր է: Մեզ հաջողվում է պահպանել տնտեսական աճի արագ տեմպերը: Հրապարակվել են նաև 2025 թվականի ճշգրտված տվյալները: Անցյալ տարի աճը կազմել է 7,5%, և համախառն ներքին արդյունքը, անցյալ տարվա վերջի տվյալներով, կազմում է 104,6 միլիարդ լարի: Առաջին անգամ մեր տնտեսությունը գերազանցել է 100 միլիարդ լարին, ինչը կարևոր ցուցանիշ է:
Հիշեցնեմ, որ 2012 թվականին մեր տնտեսությունը կազմում էր մոտ չորս անգամ պակաս՝ 28 միլիարդ լարի: Դոլարային արտահայտությամբ մեր տնտեսությունը կազմում է 38,1 միլիարդ դոլար: Մենք մի քանի անգամ համեմատել ենք մեր տնտեսական աճի տեմպը Մոլդովայի տնտեսական զարգացման տեմպի հետ, նմանատիպ տվյալներ ունենք: Պետք է նշել, որ անցած հինգ տարիների ընթացքում՝ 2021-2025 թվականներին, մեր տնտեսության տարբերությունը Մոլդովայի տնտեսության հետ ավելացրել ենք 14 միլիարդ դոլարով: Սա նշանակում է, որ մեր բյուջեների միջև տարբերությունն աճել է ավելի քան 3,5 միլիարդ դոլարով: Սա ընդհանուր առմամբ երկրի զարգացման որոշիչ գործոններից մեկն է, և ապագայում նույնպես հատուկ շեշտադրում կարվի տնտեսության զարգացման վրա», – հայտարարել է վարչապետը: