Իրակլի Կոբախիձե. Նախորդ չորս տարիները լի էին մարտահրավերներով, մենք անցանք երկու հեղափոխության փորձ, պատերազմի մեջ ներքաշվելու փորձ, բայց մեր միասնականությամբ հաղթահարեցինք բոլոր մարտահրավերները
Իրակլի Կոբախիձե. Նախորդ չորս տարիները լի էին մարտահրավերներով, մենք անցանք երկու հեղափոխության փորձ, պատերազմի մեջ ներքաշվելու փորձ, բայց մեր միասնականությամբ հաղթահարեցինք բոլոր մարտահրավերները

Նախորդ չորս տարիները լի էին դժվարություններով ու մարտահրավերներով։ Այս չորս տարիների ընթացքում մենք անցանք երկու հեղափոխության փորձ, անցանք մեր տնտեսությունը փլուզելու փորձ, մեր երկիրը պատերազմի մեջ ներքաշելու փորձ, սակայն մեր միասնականությամբ կարողացանք հաղթահարել բոլոր մարտահրավերները, պահպանել խաղաղությունը և մեծացնել այս չորս տարիների ընթացքում երկրի տնտեսությունը 40 մլրդ լարիով,- խորհրդարանում հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն։

Ինչպես նշեց Կոբախիձեն, այս ամենը թիմային համախմբվածության, թիմային ուժի արդյունք էր։

«Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզանից յուրաքանչյուրին այս միասնության համար, միասին պայքարելու համար, դա այս պայքարի արդյունքն է, որին հասել է մեր երկիրը անցած չորս տարիներին։ Այսօր Վրաստանն ինքնիշխան է և ուժեղ, քան երբևէ, և դա ձեզանից յուրաքանչյուրի շնորհիվ է։ Իհարկե, պետք է հոգ տանել մեր երկրի զարգացման մասին։ Մեր երկրում կան մարդիկ, ովքեր պնդում են, որ եթե ընդունենք, օրինակ, Հասարակական կազմակերպությունների թափանցիկության մասին օրենքը, հաջորդ առավոտ արթնանալու ենք Չելյաբինսկում։ Զարմանալի թեզ կա, մարդիկ կան, ովքեր պնդում են, որ եթե այս օրենքը ընդունենք, Վրաստանում շանը կկոչեն «սաբակա», և նույն ուղղությամբ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ եթե Եվրամիության հետ բանակցություններ բացվեն, վաղը մենք արթնանալու ենք Բրյուսելում, ոչ թե Թբիլիսիում, Վրաստանում, վաղը արթնանալու ենք Բրյուսելում և շանը կոչելու ենք ոչ թե շուն, այլ, օրինակ, «դոգ» կամ նման մի բան։ Ինչ էլ որ լինի, վստահեցնում եմ, որ մենք հաստատ ապրելու ենք այս երկրում։ Մենք հոգ կտանենք այս երկրի մասին, այս երկրում շունը կոչվելու է շուն, մարդը կոչվելու է մարդ, այս երկիրը կոչվելու է երկիր և պետությունը կոչվելու է պետություն, սա մեր պատասխանատվությունն է Վրաստանի հանդեպ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։