Իրակլի Կոբախիձե. Մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Հարավային Կովկասի տարածաշրջանն ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում, մենք փորձում ենք առավելագույնս օգտագործել առկա հնարավորությունները
Իրակլի Կոբախիձե. Մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Հարավային Կովկասի տարածաշրջանն ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում, մենք փորձում ենք առավելագույնս օգտագործել առկա հնարավորությունները

Աշխարհում պատերազմներ են, գլոբալ լանդշաֆտը պայմանավորված է աշխարհաքաղաքական լարվածությամբ, հակամարտությունները վնասում են ամեն ինչ՝ առևտրային երթուղիները, էներգետիկան, տրանսպորտը և տնտեսական կայունությունը. այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ նման իրավիճակում անհրաժեշտ է գտնել հիմնարար լուծումներ։

«Մենք ցանկանում ենք դառնալ Եվրոմիության լիիրավ անդամ։ Մենք ունենք Հյուսիսային Մակեդոնիայի նման նպատակ, սակայն տեսնում ենք, որ հենց Եվրոմիությունը կանգնած է լուրջ և հիմնարար մարտահրավերների առաջ։ Տարիներ շարունակ Եվրոմիությունն ուներ առանձնահատուկ ուժեղ կողմեր՝ ուժեղ ինքնություն, բարեկեցության բարձր մակարդակ և հզորություն՝ ժողովրդավարության ու իրավունքի գերակայության տեսանկյունից։ Հիմա Եվրոմիությունը մարտահրավերների առաջ է կանգնած այս երեք ուղղություններով էլ։ Դա մեզ շատ է մտահոգում, և մենք հուսով ենք, որ ապագայում իրավիճակը կփոխվի»,- նշել է Իրակլի Կոբախիձեն։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ՝ ակնհայտ է, որ բոլոր անորոշություններն ու գլոբալ մարտահրավերները վերաբերում են նաև այս տարածաշրջանին, սակայն, միևնույն ժամանակ, մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Հարավային Կովկասի տարածաշրջանն ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում։

«Մենք փորձում ենք առավելագույնս օգտագործել առկա հնարավորությունները։ Տարիներ շարունակ Վրաստանը եղել է հուսալի կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև։ Մենք փորձում ենք հնարավորինս ամրապնդել մեր կապող գործառույթը։ Ներկա պայմաններում, երբ առևտրային երթուղիները կրկին մարտահրավերների են բախվում, մենք կարող ենք մեր գործընկերներին հատուկ ծառայություններ առաջարկել աշխարհի տարբեր անկյուններում։ Վրաստանը հանդիսանում է տրանզիտային հանգույց ապրանքների, ծառայությունների, էներգիայի և թվային տվյալների արդյունավետ տեղաշարժի համար։ Մենք շարունակում ենք աշխատել այս գործառույթի ուժեղացման ուղղությամբ։ Մեր մոտեցումը, որը կողմնորոշված է դեպի խաղաղություն և առաջընթաց, հաջողված է։ Տնտեսական տվյալները դրա ապացույցն են։ Վերջին հինգ տարիների ընթացքում Վրաստանի տնտեսական աճի տեմպը ամենաբարձրն էր Եվրոպայում՝ 2021 թվականից սկսած միջինը 9,3%, և այս տարին նույնպես լավ ենք սկսել. հունվար-փետրվարին արձանագրել ենք 8,4% աճ»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետի հայտարարությամբ՝ Վրաստանի տեսլականը հետևյալն է՝ երկրում խաղաղության պահպանում, կայունության ապահովում, տնտեսական առաջընթաց և կապերի զարգացում։

«Այս մոտեցմամբ մենք ոչ միայն ներքին խաղաղությունն ենք պահպանում, այլև նպաստում ենք լայն խաղաղությանը մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում։ Շատ հաճելի է, որ այս առումով մեզ ուժեղ գործընկերներ ենք անվանում Թուրքիայի հետ միասին»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։