Իրակլի Կոբախիձե. Մենք ցանկանում ենք վերականգնել մեր տարանցիկ գործառույթը և խոշոր ներդրումներ ենք կատարում մայրուղիների, նավահանգիստների, օդանավակայանների և երկաթուղիների շինարարության մեջ
«Վրաստանը պատմականորեն եղել է կապող օղակ Արևմուտքի և Արևելքի, Եվրոպայի և Ասիայի միջև, և այս համատեքստում, իհարկե, մենք ցանկանում ենք ամրապնդել մեր դերը՝ որպես երկիր, որը կապում է Արևմուտքն ու Արևելքը», – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ իր հարցազրույցում CCTV-ի «Leaders Talk» հաղորդման շրջանակում։
Կառավարության ղեկավարը նշել է, որ Չինաստանը, Կենտրոնական Ասիայի երկրները, Ադրբեջանը և Վրաստանը ձևավորում են տնտեսապես և առևտրային գործընկերության տեսանկյունից չափազանց հետաքրքիր երթուղի։
«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ կարևոր դերակատարում ունենալու համար։ Վրաստանը ռազմավարական դիրք ունի։ Պատմականորեն Վրաստանը եղել է Արևմուտքի և Արևելքի, Եվրոպայի և Ասիայի միջև կապող օղակ, և այս համատեքստում, բնականաբար, ցանկանում ենք ամրապնդել մեր դերը որպես նման կապող երկիր։ Եվ այս առումով մեր մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը մեզ համար շատ խոստումնալից է։ Մենք ցանկանում ենք առավելագույնս վերականգնել մեր տարանցիկ դերը, և դրա համար խոշոր ներդրումներ ենք կատարում՝ հատկապես ենթակառուցվածքների ոլորտում։ Մենք զարգացնում ենք Վրաստանի ենթակառուցվածքները՝ ներդրումներ կատարելով մայրուղիների, ծովային նավահանգիստների, օդանավակայանների և երկաթուղիների կառուցման մեջ, որպեսզի Վրաստանը դառնա ավելի հզոր խաղացող՝ տարբեր տարածաշրջաններ միմյանց կապելու գործում։ Միջին միջանցքի նախաձեռնությունը կարող է կարևոր դեր ունենալ տարբեր երկրների միջև տնտեսական գործընկերության և առևտրային հարաբերությունների զարգացման գործում։ Չինաստանը, Կենտրոնական Ասիայի երկրները, Ադրբեջանը և Վրաստանը ձևավորում են չափազանց հետաքրքիր երթուղի տնտեսության և առևտրային համագործակցության տեսանկյունից։ Ահա թե ինչու մենք մնում ենք հավատարիմ Միջին միջանցքի, Տրանսկասպյան միջանցքի ուժեղացման գաղափարին։ Վրաստանը վստահելի գործընկեր է մեր շուրջ բոլոր երկրների համար։ Հենց այդ պատճառով մենք կարծում ենք, որ Վրաստանը ապագայում ևս կարող է դրական դերակատարում ունենալ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման հարցում», – ասել է Կոբախիձեն։