Իրակլի Կոբախիձե. Այսօր նշում ենք Վրաստանի ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիայի վերականգնման օրը. այս անգնահատելի ձեռքբերումը հստակ վկայում է Իլյա Երկրորդի դարակազմիկ ժառանգության մասին
Մեր պարտքն է պահպանել Պատրիարքի թողած միասնությունը և, նրա հիշատակի հանդեպ մեծագույն հարգանքով, արժանապատվորեն շարունակել նրա ուղին», – այս մասին ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության մեջ՝ կապված Վրաստանի ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիայի (ինքնագլխության) վերականգնման օրվա հետ։
«Այսօր մենք նշում ենք Վրաստանի առաքելական ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիայի վերականգնման պատմական օրը։
Այս տարի այդ հանդիսավոր ամսաթիվը ստվերված է ազգային սգով. մենք հրաժեշտ տվեցինք ազգի հոգևոր առաջնորդին՝ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա II-ին, ում բազում վաստակների թվում գլխավորներից մեկը հենց Մայր եկեղեցու հնագույն ավտոկեֆալիայի ճանաչումն է համաշխարհային մակարդակով։
1917 թվականի մարտի 25-ին ավտոկեֆալիայի հռչակմամբ վրաց ազգը վերականգնեց պատմական արդարությունը։ Սակայն դեպի լիակատար և վերջնական հաղթանակ մեզ առաջնորդեց հենց Պատրիարքի հսկայական ջանքերը։
1990 թվականին, նրա անխոնջ աշխատանքի և միջազգային բարձր հեղինակության արդյունքում, Տիեզերական պատրիարքությունը պաշտոնապես ճանաչեց մեր եկեղեցու պատմական ավտոկեֆալիան և պատրիարքական տիտղոսը։ Դա վճռորոշ քայլ էր ոչ միայն եկեղեցու հզորացման, այլև վրացական պետության ինքնիշխանության ամրապնդման գործում։
Այսօր՝ Նորին Սրբության մահվան 9-րդ օրը, երբ ողջ երկիրը սգում է, այս անգնահատելի ձեռքբերումը՝ մեր հոգևոր և ազգային ինքնության ամուր հիմքը, ամենավառ կերպով վկայում է Իլյա Երկրորդի դարակազմիկ ժառանգության մասին։
Շնորհավորում եմ այս պատմական օրվա առթիվ։ Մեր պարտքն է պահպանել Պատրիարքի թողած միասնությունը և, նրա հիշատակի հանդեպ մեծագույն հարգանքով, արժանապատվորեն շարունակել նրա ուղին»,- ասված է Վրաստանի վարչապետի հայտարարության մեջ։