Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար, Թեա Ծուլուկիանիի հետ, ով այսօր պաշտոնապես ստանձնեց իր պաշտոնը:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են նոր ձևավորված նախարարության աշխատակազմի համալրումը, կառույցի ձևավորումը և հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են մշակույթի և սպորտի ոլորտին, ինչպես նաև երիտասարդությանը:
«Կառավարության աշխատակազմում տեղի ունեցած հանդիպմանը նրանք խոսեցին նաև այն քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկվեն նախքան 2024 թվականը, երբ Վրաստանը պաշտոնական հայտ կներկայացնի Եվրամիությանը անդամագրվելու նպատակով: Նշվեց, որ այս գործընթացում մշակույթը, սպորտը և երիտասարդությունը պետք է արժանի տեղ ունենան», – հայտարարել են վարչապետի մամուլի ծառայությունում:
Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար, Թեա Ծուլուկիանիին նշանակելու հրամանը կառավարության ղեկավարը ստորագրել է մարտի 19-ին: