Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա:
Ինչպես հաղորդում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը, այսօր՝ օգոստոսի 21-ին, Լվովում Վրաստանի կառավարության ղեկավարին կհյուրընկալի ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալը:
Պաշտոնական այցի շրջանակներում օգոստոսի 22-ին Վրաստանի վարչապետը Կիեւում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Ուկրաինայի նախարարների կաբինետում կկայանա Իրակլի Ղարիբաշվիլիի և Դենիս Շմիգալի դեմ առ դեմ հանդիպումը, որից հետո բանակցությունները, երկու երկրների կառավարությունների անդամների մասնակցությամբ, կշարունակվեն ընդլայնված կազմով: Վրաստանի եւ Ուկրաինայի վարչապետները համատեղ հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար:
Պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը կհանդիպի Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Դմիտրի Ռազումկովի հետ:
Իրակլի Ղարիբաշվիլին ծաղկեպսակ կդնի անհայտ զինվորի գերեզմանին և Հոլոդոմորի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի զոհերի հիշատակին:
Օգոստոսի 23-ին Վրաստանի վարչապետը պետությունների ղեկավարների հետ միասին կմասնակցի Ղրիմի հարթակի գագաթնաժողովին, որի շրջանակներում կմշակվի համատեղ հռչակագիր:
Վարչապետի գլխավորած վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին: