Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ: Տեղեկատվությունը տարածում է կառավարության վարչության մամուլի ծառայությունը:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը Վրաստանի կառավարության ղեկավարին հյուրընկալել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:
Հանդիպմանը կարևորվել է ՆԱՏՕ-Վրաստան արդյունավետ համագործակցությունը և նորացված էական փաթեթը, որը կօգնի ամրապնդել Վրաստանի կայունությունը և դաշինքի հետ համագործակցության նոր հնարավորություններ բացել:
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն հայտնեց Ենս Սթոլթենբերգին՝ Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրման գործընթացին աջակցելու համար:
Կողմերը քննարկել են Սևծովյան անվտանգության կարևորությունը և այդ հարցում Վրաստանի դերը:
Ուշադրության կենտրոնում էին տարածաշրջանում ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակը և Ռուսաստանի կողմից եկող սպառնալիքները՝ որպես եվրատլանտյան անվտանգության հիմնական մարտահրավերներից մեկը: Կողմերը քննարկել են Վրաստանի օկուպացված տարածքներում անվտանգության մարտահրավերները: Ենս Սթոլթենբերգը վերահաստատեց Դաշինքի ուժեղ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:
Զրույցի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվեց Վրաստանի հատուկ դերը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին և գործողություններին մասնակցության առումով, ինչի համար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց վարչապետին: