Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության վարչապետի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության վարչապետի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռյուտեի հետ։

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Գլազգոյում, Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի 26-րդ համաժողովի շրջանակներում, կարևորվել են երկու երկրների բարեկամական կապերն ու հաջող համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորության վարչապետին՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում Վրաստանի տարածքային ամբողջականությանը աջակցելու համար և նշել, որ Վրաստանի կառավարությունը հատկապես բարձր է գնահատում Նիդերլանդների Թագավորության նշանակալի ներգրավվածությունը Եվրամիության դիտորդական առաքելությանը։

«Փոխադարձ հետաքրքրություն է արտահայտվել տարբեր ոլորտներում համագործակցության խորացման հարցում, այդ թվում՝ առևտրատնտեսական, զբոսաշրջության և ծովային։ Նշվել է, որ հաջորդ տարին երկկողմ հարաբերություններում հոբելյանական է, քանի որ լրանում է դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30 տարին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին Վրաստանի արձանագրած առաջընթացը։ Վարչապետը խոսել է 2024 թվականին Եվրամիությանը լիիրավ անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնելու Վրաստանի հավակնոտ նպատակի մասին՝ նշելով, որ Վրաստանը Եվրամիության վստահելի գործընկերն է, որը նշանակալի ներդրում ունի միջազգային խաղաղության և կայունության ապահովման գործում։

Նշվել է ՆԱՏՕ-ի հետ հաջող համագործակցությունը և Նիդերլանդների Թագավորության ներգրավվածությունը ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի իրականացման գործում։ Ուշադրություն է դարձվել ընդհանուր եվրատլանտյան անվտանգության ապահովման գործում Սև ծովի անվտանգության կարևորությանը և այդ հարցում Վրաստանի կարևոր դերին։ Զրույցի ընթացքում ընդգծվել է նաև Վրաստանի նշանակալի ներդրումը Աֆղանստանից տարհանման գործում», – ասվում է վարչապետի մամուլի ծառայությունում։

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորությանը Վրաստանի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերին աջակցելու և համահովանավորելու համար։