Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում հանդիպել է Ջոզեֆ Բորելի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում հանդիպել է Ջոզեֆ Բորելի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ։

Հանդիպմանը վարչապետը խոսել է Եվրամիությանը անդամակցելու համար Վրաստանի հայտի ներկայացման կարևորության, հարցաթերթի լրացման գործընթացի և ապագա միջոցառումների մասին։

Կառավարության ղեկավարն ընդգծել է Եվրամիությանը Վրաստանի լիիրավ անդամակցության կարևորությունը։ Կողմերը քննարկել են նաև Վրաստանի և Եվրամիության միջև վերջին տարիներին ինտենսիվ համագործակցության դինամիկան։

Հանդիպմանը նշվել է երկրի առաջընթացը տնտեսական, քաղաքական և ժողովրդավարացման բարեփոխումների իրականացման ուղղությամբ։

Ուշադրության կենտրոնում է եղել Ասոցացման համաձայնագրի իրականացումը և տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը։

Քննարկվել է տարածաշրջանում անվտանգության միջավայրը, ինչպես նաև Ուկրաինայում ռուսական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրամիության գերագույն ներկայացուցչին Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած ամուր աջակցության համար։